Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը Երևանում մասնակցել է ՀՀ արտգործնախարարության կենտրոնական ապարատի ստորաբաժանումների և արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների խորհրդակցությանը և ելույթ է ունեցել։
«Իր խոսքում Կարեն Միրզոյանը ներկայացրել է ԼՂՀ արտաքին քաղաքականության գերակա ուղղությունները և անդրադարձ է կատարել ԼՂՀ դիրքորոշմանը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում»,- ասված է ԼՂ ԱԳՆ-ի պաշտոնական հաղորդագրությունում։
Միրզոյանը դրական է գնահատել երկու հայկական պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների համագործակցության մակարդակը՝ ընդգծելով հետագա զարգացման ու ընդարձակման կարևորությունը՝ համահայկական նշանակություն ունեցող հարցերի շուրջ հաջողությունների հասնելու տեսանկյունից։